Քաղաքացիական նախաձեռնությունն առանց քաղաքական ուժերի աջակցության ոչնչի չի կարող հասնել, և հակառակը՝ քաղաքական ուժերն էլ առանց քաղաքացիական շարժումների ոչ մի հաջողության չեն կարող հասնել։ Այս մասին այսօր ասել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման գործունեության մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
Տեր-Պետրոսյանը նշել է, որ դա լուրջ շարժում է, որը ճիշտ հարցադրում է անում, սակայն, իր կարծիքով, դա ընդամենը մասնակի հարց է։
«Անգամ եթե կուտակայինը լուծեցին ժողովրդի ուզած ձևով, դա ի՞նչ է փոխելու այս երկրում։ Հազար կուտակայինի պես հարց գոյություն ունի այսօր։ Դրանով թալանը վերանալո՞ւ է Հայաստանում։ Արտագաղթը վերջանալո՞ւ է։ Խնդիրը համակարգն է, ուրիշ խնդիր չկա։ Ցանկացած այդպիսի հարց, որ բարձրացվում է, իհարկե, ողջունելի է։ Եթե դրանք շատանան, բազմազան դառնան, ավելի զանգվածային դառնան, դա կնպաստի համակարգային փոփոխություններին», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ՀՀ առաջին նախագահը վերաբերվում Սահմանդրական բարեփոխումներին, Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը ներկայիս իշխանությունների ձեռնարկած որևէ բարեփոխման չի հավատում։
«Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է», – ասել է ՀԱԿ առաջնորդը։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Մաքսային միությանը միանալու նախաձեռնությունն էլ է կործանում, Տեր-Պետրոսյանն արձագանքել է․
«Իրենք չեն նախաձեռնել, իրենք նախաձեռնել էին եվրոասոցացվել, որից հետո խայտառակ վիճակում գնացին-մտան Մաքսային միություն»։