Բուզանդ փողոցի խաբված բնակարանատերերն այսօր բողոքի ակցիա են անկացրել նախագահական առանձնատան դիմաց, և նրանց հարցերին պատասխանել է Սերժ Սարգսյանը: Բնակիչներն ասել են, որ միայն Սարգսյանը կարող է իրենց խնդիրը լուծել: Հանդիպման տեսանյութը տարածել է Galatv.am-ը:
«Տասը տարի է՝ մենք դրսում ենք, ընդունեք մեզ ոչ թե որպես նախագահ, այլ որպես բնակիչը՝ բնակչին, սակավաթիվ ենք: Ընդունեք առանց լրագրողների, առանց իրավաբանների, ընդունեք, գոնե լսեք, միայն դուք կարող եք մեր խնդրին լուծում տալ: Տասը տարի էլ փողոցում ենք, տնից տուն»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասել է ցուցարարներից մեկը:
Ի պատասխան՝ Սարգսյանը նրանց խորհուրդ է տվել գնալ «Հովիկի մոտ» (նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյան – Epress.am): Բնակիչներն ասել են, որ գնացել են, սակայն վերջինս իրենց խնդրին լուծում չի տվել:
«Գնացեք Հովիկի մոտ, ինքը ձեզ կլսի, կասի», – կրկին ասել է Սերժ Սարգսյանը:
«Շնորհակալ ենք, ձեզ բարի օր»,- Սերժ Սարգսյանի հետևից ասել են խաբված բնակարանատերերը:
Տեսանյութը՝ Galatv.am-ի