Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյալինը հայտարարել է, որ, ըստ նախնական տվյալների, Դոնեցկի շրջանի անկախության օգտին քվեարկել է մայիսի 11-ին կայացած հանրաքվեի մասնակիցների 89,7%-ը։
Լյալինի խոսքով՝ «դեմ» է քվեարկել մասնակիցների 10,19%-ը, քվեաթերթիկների 0,74%-ն անվավեր է ճանաչվել։ «Դոնեցկի հանրապետության» ԿԸՀ-ի նախագահի պնդմամբ՝ հանրաքվեին ներկայացել է շրջանի բնակիչների 74,87%-ը։
Լուգանսկի շրջանում նույն օրը տեղի ունեցած հանրաքվեի տվյալներով՝ ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անկախության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 94-98%-ը։ Այս մասին հայտնել է «Լուգանսկի հանրապետության» ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Մալիխինը՝ նշելով, որ հանրաքվեին մասնակցել է բնակչության 81%-ը։
Ուկրաինական «ՈՒՆԻԱՆ»-ը գրում է, որ երկու շրջանների, այսպես կոչված, հանրաքվեների ժամանակ մեծ թվով խախտումներ են գրանցվել, այդ թվում՝ առանց փաստաթղթերի քվեարկություն ու տպող սարքի միջոցով ստեղծված կեղծ քվեաթերթիկներ։ Կայքը գրում է, որ կազմակերպիչները հայտարարել են, թե հանրաքվեներին մասնակցել է բնակչության 80 տոկոսը, սակայն իրականում այդ թիվը տասն անգամ փոքր է։
Պաշտոնական Կիևը պնդում է, որ չի ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեներն ու հավաստիացնում, որ հրացանի սպառնալիքի տակ տեղի ունեցած հարցումը որևէ իրավական հետևանքներ չի ունենա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն արդեն սպառնացել է իրավական պատասխանատվության ենթարկել կեղծ հանրաքվեների կազմակերպիչներին։ «Կեղծիքը, որը ահաբեկիչներն ու անջատողականները հանրաքվե են անվանում, ոչ այլ ինչ է, քան սպանությունների, առևանգումների, բռնության և այլ ծանր հանցագործությունների քարոզչական քողարկում»,- Տուրչինովի խոսքերն է մեջ բերում «ՈՒՆԻԱՆԸ»՝ հղում կատարելով նրա մամուլի ծառայությանը։