Home / Տեսանյութեր / Զինվորները հրադադարից երիտասարդ են․ Եվրոպայի նախարարը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Զինվորները հրադադարից երիտասարդ են․ Եվրոպայի նախարարը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Լեռնային Ղարաբաղի հրադադարի 20 ամյակի կապակցությամբ ելույթում այս մասին ասել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը։

Նա նշել է, որ, չնայած հրադադարը վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Լիդինգթոնի խոսքով՝ դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են, քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:

«Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ:

Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար», – հայտարարել է Եվրոպայի նախարարը։