հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Վնաս տամ, նոր նստեմ». Տղամարդը հրկիզել է տունը, կինն ու երեխաները փողոցում են

«Վնաս տամ, նոր նստեմ». Տղամարդը հրկիզել է տունը, կինն ու երեխաները փողոցում են

Ընտանեկան բռնության ենթարկված Սիրանույշ Աղաբեկյանը չի ստանում որևէ աջակցություն ոստիկանության և դատարանների կողմից: Այս մասին Աղաբեկյանը հայտնել է այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին: Կինը պատմել է, որ իր ամուսինը՝ Լևոն Աղաբեկյանը, ալկոհոլի ազդեցության տակ իրեն բազմիցս ծեծել է, սակայն ինքը որոշել է ոստիկանություն դիմել անցյալ տարի, երբ ամուսինն իրեն դանակահարել է: Կնոջ խոսքով՝ սա դանահակարության առաջին դեպքը չէր, բայց քանի որ մարմնական վնասվածքն անհամեմատ ծանր էր, նա դիմել է դատարան:

Դատարանի դահլիճում Աղաբեկյանների որդին մորը հրապարակավ խնդրել է ներել հորը: Արդյունքում՝ բռնարար ամուսինը դատարանից ազատ է արձակվել։

«Ես ներեցի միայն այն պայմանով, որ նա մեր տնից ու առհասարակ Վանաձորից հեռու ապրի» – ասել է կինը՝ նշելով, որ դրանից հետո, սակայն, բռնության դեպքերը չեն դադարել:

Տուժողի պաշտպան Տիգրան Մուրադյանն այսօր ասուլիսին ասել է, որ ընտանեկան բռնությունը պետք է դիտվի որպես հանրային մեղադրանքի գործ, ուստի մեղադրյալը պետք է դատապարտվի անգամ այն դեպքում, եթե բողոքը հետ է վերցվում: Այս հիմնավորմամբ՝ կողմը դիմել է վերաքննիչ դատարան: Սիրանույշ Աղաբեկյանը շարունակել է ամուսնու դեմ դատական պայքարը, քանի որ նա շարունակել է իր բռնարար պահվածքը:

«Ասում էր իր հարազատներին, թե՝ նստելը նստել է, մի վնաս պետք է տամ երեքին, նոր նստեմ: Նկատի ուներ ինձ, որդուս ու աղջկաս»,- պատմել է Սիրանույշ Աղաբեկյանը՝ հավելելով, որ ամուսինն իր խոստումը կատարել է՝ այս տարվա հունվարին հրկիզելով իրենց տունը։

Քրեական գործի հարուցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Լևոն Աղաբեկյանը վառել է իր սեփական գույքը:

«Դատարանը հաշվի չի առել, որ այդ տան համասեփականատեր են հանդիսանում ևս երեք հոգի»,- ասել է փաստաբան Մուրադյանը:

Սիրանույշ Աղաբեկյանի խոսքով՝ այժմ փաստացի ինքը և երեխաները մնացել են փողոցում, ստիպված ապրում են բարեկամների տանը, չեն ստանում որևէ փոխհատուցում և գտնվում են նոր հարձակումների սպառնալիքի տակ: