ԱԺ-ում կենսաթոշակային բարեփոխումների հարցով սկսված արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու օրենքի վերանայված նախագծին, ՀԱԿ-ը հայտարարել է, որ դեմ է, իսկ ԲՀԿ-ն դեռ կմտածի:
ՀՅԴ-ից հանդես եկող Արծվիկ Մինասյանն ասել է, որ օրենքը ամրագրում է, որ ցանկացած փոփոխություն այլևս չի կարող պարտադրել քաղաքացուն իր սեփականությունը փոխանցել որևէ հիմնադրամի, իսկ դա մի բան է, որին ՀՅԴ-ն չի կարող կողմ չլինել:
«Նախագիծն առաջարկում է 76 հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չկա և չի կարող լինել նաև հունվարի 1-ից հետո գումար չփոխանցողների համար»,- ասել է պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը բացատրել է նրանով, որ առաջարկվող նոր օրինագիծը ընդամենը խաբեություն է, և որ իրականում կառավարությունը փորձում է այս առաջարկով ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը և հետո ներկայացնել այն որպես ազգային համաձայնության մի լուծում:
«Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որը թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի, քաղաքացիական ուժերի ճնշումները»,- ասել է Զուրաբյանը:
Ելույթներից հետո ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասել է, որ օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո կառավարությունը շարունակել է փոփոխություններ մտցնել, որոնք առկա են այսօր իրենց բաժանված տարբերակներում և նոր հարցեր են առաջացնում:
«Քննարկում չեղավ, մենք պետք է հարցեր տալու հնարավորություն ունենանք»,- ասել է Հովհաննես Մարգարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուտակայինի մասին հայտարարությունից հետո նախագիծը վերանայվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և ներկայացվել ԱԺ դատին: