Home / Տեսանյութեր / Վերաքննիչը մերժել է մահացած կնոջ գործով բողոքը՝ անտեսելով ծանրակշիռ փաստերը․ պաշտպան

Վերաքննիչը մերժել է մահացած կնոջ գործով բողոքը՝ անտեսելով ծանրակշիռ փաստերը․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 20-ամյա Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին ասված է Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի` այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Վերաքննիչ դատարանն անտեսեց այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնք ինքնասպանության վարկածը խիստ կասկածելի են դարձնում»,- նշել է փաստաբանը:

Պաշտպանական կողմը մտադիր է որոշումը բողոքարկել մինչև վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Մարո Գուլոյանը 2012 թվականի հուլիսի 12-ին ինքնասպան է եղել, սակայն ըստ պաշտպանական կողմի՝ կինը բնռության զոհ է դարձել:

Մարոն ուներ մեկ դուստր և դեպքի պահին հղի է եղել երկրորդ՝ տղա երեխայով: Ծնունդով բյուրեղավանցի աղջիկը ամուսնացել ու տեղափոխվել է Առինջ գյուղ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգական Գևորգ Գուլոյանի ընտանիք:

Ըստ Լուսինե Մինասյանի ՝ գործի նյութերով հաստատվել է, որ Մարոն մշտապես վիճաբանությունների մեջ է եղել ամուսնու՝ Գևորգի հետ՝ նրա խաղամոլության պատճառով: Վերջինս անընդհատ պարտքով գումարներ է վերցրել Մարոյի ընտանիքից, իսկ դեպքից շատ քիչ առաջ պահանջել է, որպեզսի Մարոյի եղբայրն իր անունով վարկ ձևակերպի՝ 600 հազար դրամի չափով, որպեսզի նա փակի իր պարտքերը: Մարոյի ամուսնու չաշխատելը, խաղամոլությամբ զբաղվելը մշտական վիճաբանությունների առիթ են հանդիսացել: Մարոյի ընտանիքի անդամներին նաև հայտնի է, որ Գևորգը միշտ էլ ֆիզիկական բռնությունների է ենթարկել կնոջը, ով, սակայն, ոչ մի անգամ ոստիկանություն չի դիմել, ու բռնության հետքերը չեն արձանագրվել: