Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Այս մասին այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համաժողովին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այսօր պետական այցով ժամանել է Հայաստան։
«Վստահ եմ, որ՝ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ», – ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանին ուրախացնում է երկրում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ:
«Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:
Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:
Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաև վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում: Նախագահ Օլանդի և ինձ համար շատ կարևոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը:
Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1-ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:
Համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:
Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ», – Սերժ Սարգսյանի ելույթն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։