Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նախագիծը ծրագրվում է պատրաստել մինչև 2014 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը, հայտնում է Tut.by կայքը՝ հղում կատարելով բելառուսական «Սոյուզ» կայքին։
«Հայաստանի՝ անդամակցության հայտ ներկայացնելուց հետո ձևավորվեց աշխատանքային խումբ՝ կողմերի ու Եվրասիական հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ, հետևաբար, բավական արագ պատրաստվեց ճանապարհային քարտեզ՝ հաստատված ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ազարովը։
Նրա խոսքով՝ այսօր արդեն կարելի է վստահորեն փաստել ծրագրի իրականացման հաջողությունը։
Ազարովը վստահեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, ինչպես և ծրագրվում էր՝ առանց որևէ ուշացումների։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ազարովը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում: