2013 թվականի մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում շարքային Լյուքս Ստեփանյանին (լուսանկարում) սպանելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը, ով վերջին դատական նիստից հետո հացադուլ է սկսել ու կարել է բերանը, պահանջում է արդար դատաքննություն ապահովել։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Նա չի ասում՝ ինձ մի դատեք, պարզապես ասում է՝ ինչ արել եմ՝ դրա համար։ Էն, ինչ որ գործով պարզվում, երևում, հաստատվում է՝ դրանք որպես հիմք ընդունեն, ոչ թե ձևական քննություն անեն, խախտումներով սպանության համար դատապարտեն։ Կատարվածը սպանություն չի համարվում, զենքի [հետ վարվելու] կանոնների խախտում է, որն անզգուշությամբ մահ է առաջացրել։ Դավիթը Լյուքսին սպանել չի ցանկացել», – նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ոչ մեկին չի հաջողվել համոզել Խաչատրյանին դադարեցնել բողոքի ակցիան ու քանդել բերանի կարերը։
«Ես էլ պետք է այցելեմ ու փորձեմ հետ պահել այդ քայլից», – եզրափակել է մեր զրուցակիցը։
Epress.am-ը զրուցել է նաև Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Արմեն Սարգսյանի հետ, ով նշել է, թե որպես փաստաբան հասկանում ու ընդունում է Խաչատրյանի բողոքը, սակայն որպես տուժող կողմի ներկայացուցիչ մեկնաբանություններ տալը համարում է սխալ ու ոչ կոռեկտ։
«Ինչ վերաբերում է դատաքննության բուն ընթացքին, ապա բողոքներ չունեմ, պաշտպանների ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվել են, վիճաբանությունների փուլում ենք, դատախազը, մենք՝ տուժող կողմը, ճառերը ասել ենք, մնացել է պաշտպանների ճառը, որ ավարտվի դատաքննությունը։ Մեղադրանքի բովանդակության վերաբերյալ որևէ բան իմ կողմից ասելը ճիշտ չի ընկալվի՝ կա դատարան և դատարանը մրցակցային դատավարություն չափսում հետազոտված ապացույցների գնահատման հիման վրա թող վերջնական դատավճիռը ասի։ Եթե ուրիշ խոչընդոտներ չլինեն, մայիսի 30-ին կլինի վերջին նիստը», – ասել է Սարգսյանը։
Մեր թղթակցի հետ զրույցում Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, ասել է, թե իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում Խաչատրյանի առաջ քաշած պահանջները, իր միակ ցանկությունն արդար դատավարության անցկացումն է։
«Կարել ա, ինչ ա արել, ես ի՞նչ կարամ անեմ։ Վաղը լրանում ա տղայիս մահվան 1 տարին, մենք մոլորված ենք, կինս կաթիլայինի տակ պառկած, վիճակը շատ վատ ա, ես տղամարդ եմ՝ գնում եմ գյուղամեջ, շփվում եմ, ինքը կնիկարմատ ա՝ ամբողջ օրը տունը փակված, նկարը առաջը դրած, շորերը գրկած մղկտում ա», – եզրափակել է Ստեփանյանը։