«Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի». Սեյրան Օհանյան
Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում մասնակցել է մայիսի 15-ին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը, որից անմիջապես հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը զրուցել է նախարարի հետ:
- Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:
- Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
- Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
- Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
- Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
- Իսկ ո՞վ է պահանջում... Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:
- Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
- Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
- Դա ինչ երևույթ էր, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն...
- Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:
- «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
- Շնորհակալ եմ, ես պատասխանեցի:
- Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
- Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:
- Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
- Ի՞նչը:
- Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ի՞նչն է պատճառը:
- Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:
- Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
- Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում...
- Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
- Նրանցից մեկն էլ, իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
- Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
- Շատ: Շատ:
- Բարձրաստիճան՝ նախարարի տեղակալ շտաբի պետ...
- Շատ: Շատ:
- Անուն տվեք, մի հոգու անուն:
- Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
- Քրեական պատասխանսւտվոթյան ենթարկվե՞լ է որևէ մեկը:
- Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն: