Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) մայիսի 17-ին եղել են նաև Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի և Քաշաթաղի (Լաչինի) շրջաններում։
Քաշաթաղի շրջանի բնակիչները, սակայն, փակել են համանախագահների ճանապարհը՝ նրանց դիմավորելով բողոքի ակցիայով։
Համանախագահները դուրս են եկել մեքենայից ու զրուցել ցուցարարների հետ։ Նրանց հետ է եղել նաև ԵԱՀԿ ՄԽ ապագա ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդիոն ու Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գրում է «Ռեգնում» գործակալությունը։
Ակցիայի ընթացքում ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին համատեղ հայտարարության կապակցությամբ։ Նրանց նաև վրդովեցրել էր Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որի մեջ նշված էին ԼՂ հակամարտության կարգավորման վեց հիմնական սկզբունքները։
Ղարաբաղի բնակիչներին, մասնավորապես, դուր չի եկել «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» վերաբերյալ դրույթը, ինչին ի պատասխան ամերիկացի համանախագահն ասել է՝ «բանակցությունները շարունակվում են»։
Համանախագահներն այնուհետև փակ դռների հետևում հանդիպում են անցկացրել Քաշաթաղի (Լաչինի) շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Մայիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են ունեցել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: