Home / Տեսանյութեր / Փակ շուկային հարող շենքերի բնակիչներին ահազանգի մասին չէին ասել․ ռումբը չգտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փակ շուկային հարող շենքերի բնակիչներին ահազանգի մասին չէին ասել․ ռումբը չգտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում (Փակ շուկա) ժամը 12։45-ի սահմաններում ավարտվել են պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքները։

Փրկարարները պարզել են, որ ժամը 10։22-ին ԱԻՆ-ի ստացած ահազանգը կեղծ է եղել, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Փակ շուկայի տարածք այցելած Epress.am-ի թղթակիցը տեղեկացրել է, որ ներսում ընթացող աշխատանքներին զուգահեռ խուճապային իրավիճակ է եղել շուկայի հարակից շենքերի բնակիչների շրջանում։

Պայթուցիկի տեղադրված լինել կամ չլինելու մասին շփոթված բնակիչները փորձում էին պարզել լրագրողներից, ավելին՝ զայրացած բողոքում էին, որ իրենք դուրս են եկել շենքերից, երբ նկատել են՝ ինչպես են մարդկանց տարհանում շուկայից։ Աշխատանքների ընթացքում լրագրողներին որևէ պարզաբանում չէր տրվում։

«Սա ինչ անտարբերություն է, այսինքն եթե հիմա շուկան պայթի, դրա հետ կվերանա նաև մեր շենքը, որը մի քանի մետրի վրա է, իսկ մենք ռումբի մասին իմանում են մեկ ժամ անց։ Լավ, չէր կարելի գոնե բարձրախոսով կամ ինչ-որ մի կերպ տարածքում հայտարարել, որ նման վտանգ կա, մենք իմանայինք մեր անելիքը։ Թող որոշողը որոշեր՝ ուզում է տանը մնալ, թե դուրս գալ», – նշել է մեր զրուցակիցներից մեկը։

Ընդգծենք, որ սուպերմարկետի տարածքից փրկարարները տարհանել էին մոտ 200 մարդու։

Ավելի ուշ, երբ վարժեցրած շները և փրկարարական խմբերը հեռացել են, մի քանի րոպեների ընթացքում շուկան անցել է բնականոն աշխատանքի՝ աշխատակիցները խմբերով ներս են մտել ու զբաղեցրել իրենց տեղերը։

Լրագրողների հարցին` ով է իրենց տեղեկացրել որոնողական աշխատանքների մասին, խմբերով ներս շտապող աշխատակիցներից շատերը պատասխանել՝ «ոչ մեկը, տեսանք սաղ մտնում են ներս, մենք էլ եկանք»։

Մոտ 20 րոպե տեղում աշխատող լրագրողները փնտրել են պատասխանատու որևէ մեկի, ով պարզաբանում կտար ահազանգի ու տեղզննման աշխատանքներ վերաբերյալ, սակայն այդպես էլ որևէ պատասխան ստանալ չի հաջողվել։

Շուկայի աշխատակիցներից շատերն ասում էին՝ «ով ռիսկ ուներ էդքան կամերաների տակ բերեր ռումբ տեղադրեր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Tekali Taxi