Այսօր` 2013 թվականի բյուջեի հաշվետվության ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բողոքել է Ազգային ժողովում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացակայությունից: Նշենք, որ հաշվետվությունը ԱԺ-ին Մարգարյանի փոխարեն ներկայացրել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Հայաստանում ռանգերի են բաժանվում պաշտոնյաները, քաղաքապետը արդեն որերորդ անգամ չի ներկայանում այս նիստին: Եթե Տարոն Մարգարյանը համարում է, որ սա պակաս կարևորության միջոցառում է, թող մեզ էլ ասեն, մենք էլ չգանք, պակաս զբաղված չենք»,- ասել է Փաշինյանը:
Պատգամավորը Արեյանից հետաքրքրվել է Անաստաս Միկոյանի արձանի ճակատագրի մասին:
«Պատմության մասնագետների մեջ կան իրարամերժ կարծիքներ Միկոյանի կերպարի մասին, բայց, այնուամենայնիվ, Երևանի ավագանին տվել է իր համաձայնությունը: Սա է պարզ ճշմարտությունը՝ առանց ավելորդ մեկնաբանությունների»,- ասել է Արեյանը։
Նա ասել է, որ արձանի համար դրական եզրակացություն տրվել է, սակայն էսքիզները դեռ պատրաստ չեն, և դեռ հայտնի չէ՝ ով է ֆինանսավորելու արձանի տեղադրումը: