ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կապակցությամբ հանդես է եկել Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան Եվրամիության կազմի մեջ ներառելու հեռանկարի հնարավորություն տալու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է Segodnya.ua կայքը՝ հղում կատարելով Die Welt-ին։
Ֆյուլեի կարծիքով՝ եվրաինտեգրման հեռանկարն արևելաեվրոպական պետություններում բարեփոխումներ իրականացնելու լավագույն խթանն է:
Եվրահանձնակատարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի և նշված երեք երկրների միջև Ասոցացման համաձայնագրերի ստորագրելը չի հանդիսանում երկկողմ համագործակցության վերջնական նպատակը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը երեկ՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով խնդրել է «հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը»։