Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի գրանցման համար ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկանքի օրինականության հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի խորհրդարանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ ԱԺ 6 խմբակցություններից 5-ը համաձայնել է անցկացնել այդ հարցով խորհրդարանական լսումներ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը և ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Իշխան Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դրական վերաբերմունք են արտահայտել թերթի լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա խորհրդարանական քննարկումներ կազմակերպելու մասին հարցին:
Թերթը գրում է, որ 2012 թվականի ընտրություններից սկսած ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ անկախ պատգամավոր Մարուքյանը 1 տարի 17 օր բացակայել է Հայաստանից, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը նրանց տեղեկանք է տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակության մասին, առանց որի նա չէր կարող մասնակցել ընտրություններին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում