Հայկական կողմը պատրաստ է պատասխան տալ հրադադարի ռեժիմի խախտման համար, եթե նրա մեղավորությունն ապացուցվի: Այսօր՝ հունիսի 11-ին, խորհրդարանում նման հայտարարություն է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարի խոսքով՝ սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Սա մեզ համար նորություն չէ, ինչպես և նորություն չեն հակառակորդի կողմից հրադադարի խախտման պարբերական դեպքերը: Մենք պետք է հասկանանք և համակերպվենք, քանի որ վերջնական խաղաղություն հարցը դեռևս լուծված չէ, և մենք պարտավոր ենք մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը լուծել հակագործողությունների կամ կանխարգելիչ գործողությունների միջոցով»,- հայտարարել է ՊՆ նախարարը:
Օհանյանը նշել է, որ հրադադարի խախտման հարցերը քննարկվել են թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հրադարարի ռեժիմի խախտման դեպքերի ուսումնասիրության հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել: Եվ պատասխան կտանք, եթե պարզվի, որ մեղավորը մենք ենք», – հայտարարել է ՊՆ նախարարը։