Այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը՝ «Հասարակական կազմակերպությունների դերը՝ եվրասիական ինտեգրացիայի գործընթացում» խորագրով։
Առավոտյան սկսվել է քննարկում, որի հիմնական հարցերը հետևյալն էին՝ ՀԿ-ների պետական ղեկավարումը, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության փոխազդեցությունը, պետական ինֆորմացիոն քաղաքականությունը եվրասիական ինտեգրացիայի պայմաններում:
Հայաստանի կողմից խորհրադարանի ներկայացուցիչները հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորներն էին, այլ կուսակցություններից ներկայացված էին միայն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներկայացված էին «Երիտասարդ երևանցիներ» կենտրոնի նախագահ Էմմա Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգի Արտաքին տնտեսական հարաբերությունների ինստիտուտի Երևանյան մասնաճյուղի ռեկտոր Նինա Եսայանը, ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնի համակարգող Արաքսյա Ստեփանյանը, «Առաջ Ռուսատան և Հայաստան» բարեգործական ֆոնդի տնօրեն Արարատ Ստեփանյանը և այլոք:
Գիտաժողովին ռուսական կողմը ներկայացնում էր Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի նախագահ, ԱՊՀ երկրների միության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը, «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության նախագահ Դմիտրի Կիսելյովը:
Epress.am-ի թղթակիցը ԱԺ-ից տեղեկացրել է, որ գիտաժողովի օրակարգը և մասնակիցների ցանկը բացառապես ռուսերեն էր բաժանված։