ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր նոր բացահայտում է ներկայացրել ԱԺ-ում՝ կապված Հայաստանում գազի գնի հետ, սակայն հարցին Կառավարությունը հարցուպատասխանի ժամանակ հրաժարվել է պատասխանել՝ պատգամավորներին խնդրելով գրավոր դիմել:
«Նույն բանը գազի հետ կապված ճշտելու կարիք ունեմ, ունենք տարեկան հաշվետվությունը: Առաջին եռամսյակի պաշտոնական թվերին նայում եմ և տեսնում, որ Հայաստանը ՌԴ-ից ստացել է 845 մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար։ Զանգում եմ պատկան մարմիններին, ասում են՝ բացառվում է այդպիսի բան, չի կարող արդպես լինել: Հաջորդ օրը լինքը ուղարկում եմ, ասում եմ բացեք այս տեքստը, ասում են իսկ կարող է դա անցյալ տարվա պարտքն է։ Հետո ճշտում են, որ էդ էլ չի»,- ԱԺ-ում հարցի նախապատմությունը ներկայացրել է Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ հետագայում իրեն ասել են, որ առաջին եռամսյակ ասելով նկատի ունեն՝ 2013 թվականի դեկտեմբեր, 2014 թվականի հունվար, փետրվար ամիսները, սակայն նման բան չի կարող լինել՝ ոչ մի օրացույցով առաջին եռամսյակը չի հաշվվում նախորդ տարվանից:
Նիստը նախագահող Գալուստ Սահակյանն ասել է, որ Կառավարությունն է խնդրել գրավոր հարց ուղարկել: