«Ապրենք և պարենք միասին» հայ-թուրքական ծրագրի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել այսօր Երևանում՝ Սիրահարների այգում։ Սա ոչ պրոֆեսիոնալ պարողների 20 հոգանոց թիմի վերջին համերգն էր։ Նրանք պարել են Դիարբեքիր քաղաքում, Մուշում, Գյումրիում, ինչպես նաև հայկական և թուրքական հինգ այլ քաղաքներում։
Ծրագրի հեղինակ Զեքերիյա Դունդարը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը նախաձեռնել է պարերի ծրագիրը, քանի որ գիտի՝ ինչքան նման են հայկական և թուրքական մշակույթները, մասնավորապես, պարերը։ Դրանց ոչ միայն երաժշտությունն է նման, այլև՝ անվանումները, օրինակ, երկու ժողովուրդներն էլ ունեն լորկե և քոչարի պարեր։
Ծրագրին հայկական կողմից աջակցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն։ Աննա Մելիքսեթյանն ասել է, որ աշխատանքներն ընթացել են առանց մեծ խոչընդոտների, քանի որ ծրագրի թեման խաղաղությունն էր։ Մելիքսեթյանի խոսքով, միակ անհանգստացնող հանգամանքն այն էր, որ Երևանի քաղաքապետարանը ձգձգում էր համերգի՝ Սիրահարների այգում անցկացման համար թույլտվություն տալը։
«Հնարավոր է, որ մեր պարը կատարյալ չէ, բայց պարը մեզ համար միջոց էր։ Մենք՝ 10 հայ և 10 թուրք մարդիկ, 30 հազար կիլոմետր ենք անցել իրար հետ։ Մենք սովորել ենք միմյանց լեզուները, հասկացել ենք՝ ինչքան նման են մեր մշակույթները, մեր մարդիկ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ծրագրի մասնակից Սենիհա Յլդզը։
Մանրամասները՝ տեսանյութում։