Շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումից փոքր բիզնեսը շահում է ու հնարավորություն ստանում «սպիտակ» դաշտ մտնելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սամվել Ավագյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որի համաձայն հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից նվազեցվելու է մինչև 1%:
«Շրջանառության հարկը հին սովետական վերածնված հարկատեսակ է, որը ժամանակավորապես կիրառվում է փոքր բիզնեսը վերահսկելու համար, քանի որ, բացի դրույքաչափից, տրվում են այլ արտոնություններ ևս՝ հարկի վճարման պարբերականությունը նվազում է, հաշվապահությունը պարզեցվում է»,- ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ հարկի իջեցումը նոր կառավարության նախաձեռնությունը չէ, այդ հարցը վաղուց քննարկվում էր:
«Երբ շրջանառության հարկը մտցվեց, հաշվարկները ցույց տվեցին, որ փաստացի փոքր բիզնեսը վճարում էր 2%-ին համարժեք հարկ: Այդ պատճառով շրջհարկը փաստացի ավելացնում էր հարկային ծանրաբեռնվածությունը: Հարկը իջեցնելու քննարկումներն սկսել էին դեռ նախորդ կառավարությունում, ու ստացել դրական նախնական կարծիք»,- ասել է Սամվել Ավագյանը: