Գյումրիի օնօթևանների հարցը չլուծելով՝ Սերժ Սարգսյանը վրեժ է լուծում գյումրեցիներից իրեն չընտրելու համար։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ հայտարարել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա նշել է, որ արդեն մեկ տարի է՝ շինարարությունը դադարեցված է՝ ճշգրտումներ անելու պատճառաբանությամբ։
Ըստ Բարսեղյանի՝ հաջորդ շինարարությունը Գյումրիում կարվի հաջորդ համապետական ընտրությունների շեմին։ Հիշեցնենք, որ 2013թ․ նախագահական ընտրություններին Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը պաշտոնական թվերով պարտվել էր։
«Սերժ Սարգսյանը, հավանաբար, վրիժառու ֆիլմեր է նայել, որոշել է գյումրեցիներից վրեժ լուծել, ուրիշ բացատրություն չունեմ։ Իր խոստումները չկատարելով՝ նա իր «ես»-ը վեր է դասել իր արժանապատվությունից»,- ասել է Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ նախագահը խոստացել էր, որ մինչև 2013 թիվը գոնե ցուցակում առկա անօթևանների խնդիրները կկարգավորվեն, ինչը չի արվել։
Բարսեղյանի խոսքով՝ այսօր կառավարության համար առաջնային են բիոզուգարանները, Երևանում ասֆալտած փողոցները նորից ասֆալտելը, իսկ անօթևանները հարցը կարևոր չէ․ նրանք կարող են արտագաղթել։
«Անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին, երբ չկարողացան վերջացնել ծրագիրը, ասացին՝ ճշգրտումների կարիք կա։ Հիմա պարզվում է՝ որ դեռ 3 ամիս էլ ունեն՝ ճշգրտելու։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի Գյումրու ավագանին ուղերձ հղեց վարչապետին, բերված էր ցուցակի 1500 անօթևանների թիվը, ինչպես նաև գրված էր նրանց մասին, ովքեր ցուցակագրված չեն։ Ի պատասխան՝ քաղաքաշինության նախարարը գրել է՝ Հայաստանում 30.000 անօթևաններ կան»,- ասել է Բարսեղյանը։