Ռուսաստանցի տնտեսագետ, նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը սոցհարցումների, իրավապաշտպան կազմակերպությունների և ԱՄՀ-ի տվյալների հիման վրա համեմատել է` որ երկրներն են առավել բարեկամական ու թշնամական տրամադրված Ռուսաստանի վերաբերյալ:
Փորձագետն ուշագրավ է համարում, որ Ռուսաստանի ընկերների շարքում են ցածր կենսամակարդակ ունեցող ու քաղաքական ազատություններից զուրկ երկրները, իսկ ՌԴ-ի թշնամի պետությունների հարցում հակառակ իրավիճակն է տիրում:
Վերջին 5 տարիների ընթացքում այս ցուցակները ենթարկվել են նվազագույն փոփոխությունների. այսպես, անբարյացակամ երկրների առաջատար յոթնյակում Լեհաստանին փոխարինել է Մեծ Բրիտանիան, իսկ ընկերների ցուցակում Գերմանիայի փոխարեն հայտնվել է Ադրբեջանը:
Լևադա կենտրոնի` 2014 թվականին անցկացրաց հարցման արդյունքների, Freedom House իրավապաշտպան կազմակերպության և Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն` Ռուսաստանի հանդեպ առավել բարեկամական տրամադրված երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է միջինը 9473 ԱՄՆ դոլար, իսկ Քաղաքական ազատությունների ցուցիչը գտնվում է հնարավոր 100-ից 30-ի վրա:
– Բելառուս` Քաղաքական ազատությունների ցուցիչ` 14, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` $15753,
– Չինաստան` 17 և $9844,
– Ղազախստան`25 և $14391,
– Հայաստան` 43 և $6191,
– Հնդկաստան` 77 և $4077,
– Կուբա` 11 և $5008,
– Ադրբեջան` 22 և $11044:
«Թշնամի» երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է միջինը 24141 ԱՄՆ դոլար, իսկ Քաղաքական ազատությունների ցուցիչը 82 է:
– ԱՄՆ` 92 և $53101,
– Ուկրաինա` 55 և $7423,
– Լիտվա` 90 և $22747,
– Լատվիա` 84 և $19120,
– Էստոնիա` 95 և $23144,
– Վրաստան` 60 և $6145,
– Մեծ Բրիտանիա` 97 և $37307:
Իլարիոնովն ընդգծում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում (2009-2014թթ) Քաղաքական ազատությունների միջին ցուցիչը Ռուսաստանի յոթ «թշնամիների» համար չի փոխվել (83-ից` 82), մինչդեռ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 57 տոկոսով (15392 ԱՄՆ դոլարից` 24141):
Ռուսաստանի յոթ «ընկերների» համար Քաղաքական ազատությունների ցուցիչը նվազել է ավելի քան մեկ քառորդով (40-ից` 30), իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` մոտ տասը տոկոսով (10442 ԱՄՆ դոլարից` 9473):
«Այսպիսով, որպես արդյունավետ քարոզչության հետևանք, ներկայիս Ռուսաստանի բնակիչները գնալով ոչ միայն կենտրոնանում են տնտեսապես հետամնաց ու քաղաքականապես անազատ երկրների վրա, այլև հակադրվում աշխարհի առավել զարգացած ու ազատ հատվածին», – եզրափակում է տնտեսագետը: