հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Հայռուսգազարդը» ՀՀ-ին շահաբաժին չի վճարել․ գազային հանձնաժողովի բացահայտումները

«Հայռուսգազարդը» ՀՀ-ին շահաբաժին չի վճարել․ գազային հանձնաժողովի բացահայտումները

Անցած 5 տարիների ընթացքում, ունենալով շահույթի կայուն` 12 տոկոս ծավալներ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանին շահաբաժիններ չի վճարել: Այս և այլ բացահայտումներն է արել ԱԺ-ում գործող ժամանակավոր գազային հանձնաժողովն իր միջանկյալ եզրակացություններն ամփոփող փաստաթղթում, որը հայտնվել է Epress.am-ի տրամադրության տակ։

Հիշեցնենք, որ Հայաստանին էր պատկանում «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսը, որը հանձնվեց «Գազպրոմին» 2011 թվականից հետո կուտակված 300 միլիոն դոլար պարտքի դիմաց։

Հանձնաժողովի անդամ պատգամավորները եզրակացության մեջ մի շարք կետեր են նշել, որոնք պարզաբանումների կարիք ունեն: Փաստաթղթում, մասնավորապես, նշված է.

«Բնական գազի գործող սակագնի հաշվարկներով շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկվել են 20,3 միլիարդ դրամ նախորդ սակագնի հաշվարկներով նախատեսված 10,3 միլիարդ դրամի փոխարեն: Ընդ որում, աշխատավարձի գծով ծախսը ավելացել է 8,9 միլիարդ դրամով, որը պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի ավելացմամբ` 119 հազար դրամի փոխարեն` ներկայիս 227 հազար դրամով, ինչպես նաև աշխատողների թվաքանակի ավելացմամբ՝ 5783 աշխատող` նախկին 4792-ի դիմաց:

Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի աշխատողների թվաքանակի շուրջ 1000-ով ավեկացումը և, երկրորդ` միջին ամսական աշխատավարձի շեշտակի աճը` 108 հազար դրամով: Վերջինս ենթակա է լրացուցիչ ուսումնասիրության: Լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև գազաբաշխման և փոխադրման գործընթացում գազի կորուստների չափերի գնահատման հարցերը: Այդ կորուստները պետք է հաշվարկվեն ըստ Հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան մեթոդիկաների: Սակայն, սկսած 2006 թվականից, անհասկանալի պատճառներից ելնելով՝ դրանք որոշվում են ՀՀ էներգետիկայի նախարարի 2003 և 2007 թվականների հրամաններով:

Համապատասխան հիմնավորվածություն է պահանջում նաև սակագնի հաշվարկման գործընթացում նորոգման և նյութական ծախսերը՝ 669,94 միլիոն դրամի չափով, որը նախկին սակագնի համեմատ ավելացել է 153,83 միլիոն դրամով (աճը` 29.8%), այն դեպքում երբ վերջին 3 տարիների ընթացքում համապատասխան ապրանքային և ծառայությունների շուկաներում այդ ծավալի գնաճ չի արձանագրվել»: