Արարատի մարզի և Նախիջևանի սահմանին տեղակայված դիրքերից մեկում զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ 19-ամյա զինծառայողը Սյունիքի Սառնակունք գյուղից էր։ Թերթի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Մանուչար Մկրտչյանն ասել է, որ Գրիշան Պետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող էր։ Գյուղապետի փոխանցմամբ՝ Գրիշան ընտանիքի փոքրն էր և ընտանիքի միակ տղան։
Նշենք, որ հունիսի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու հատվածում սպանվել էր ևս մեկ զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։ ՊՆ-ի նախնական տվյալներով՝ զինծառայողը սպանվել է հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողությունների հետևանքով։