Home / Տեսանյութեր / Կինը պատմել է՝ «Հայռուսգազարդն» իրենից վրեժ է լուծում ակտիվության համար

Կինը պատմել է՝ «Հայռուսգազարդն» իրենից վրեժ է լուծում ակտիվության համար

Սուսաննա Բաղդասարյանը Սունդուկյան 1 շենքի միակ բնակիչն է, ով թեև չունի գազի դիմաց կուտակված պարտք, արդեն 7 ամիս է՝ գազ չի ստանում։ Epress.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ նման կերպ «Հայռուսգազարդ» ընկերությունն իրենցից վրեժ է լուծում, քանի որ ինքը 2012 թվականից ընկերության դեմ պայքարում է դատարանում։

«Նույնիսկ գլուխ են գովացել, որ մենակ իմ գազն են անջատել: Ինչո՞ւ, որովհետև ես ակտիվ եմ: Նրանք վրեժ են լուծում»,- ասել է Բաղդասարյանը:

Քաղաքացին պատմել է, որ իր ակտիվությունն արտահայտվել է բնակիչներին համակարգելով և դատարան դիմելով՝ 2012 թվականին իրենց շենքի գազի հաշվիչները անօրինական տեղափոխելու փաստի առթիվ:

«Բոլոր դատական ակտյաններում մենք պարտվեցինք, բայց դա անարդար էր: Մենք նախ դիմել էինք քաղաքապետարան, մեզ պատասխանել էին, որ տարածքի նոր սեփականատերը՝ ոմն Նելլի Նեսունցը, դիմել է քաղաքապետարան հաշվիչների տեղափոխման պահանջով՝ հիմք ներկայացնելով նաև շենքի 59 բնակիչների համաձայնությունը՝ նրանց ստորագրությունները: Սակայն այդ ստորագրությունները կեղծված էին, այսինքն՝ արձանագրությունները կեղծ էին: Այդ կեղծիքը մենք ներկայացրեցինք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և այն ժամամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գործն ուղարկեցին Արաբկիրի շրջանի բաժին, քննիչը եկավ, բացատրություններ վերցրեց, ստորագրություններ վերցրեց, որ համեմատի: Սակայն գործը կանգեցրեցին, որովհետև քաղաքապետարանն ասաց, թե այդ ստորագրությունները հիմք չեն հանդիսացել որոշման համար: Ինչո՞ւ, չէ որ մինչ այդ մեզ նույն քաղաքապետարանից ասել էին, որ ստորագրությունների հիմքով են հաշվիչները տեղափոխում»,- ասել է Սուսաննա Բաղդասարյանը:

Բաղդասարյանի հետ դատարան դիմել է շենքի 40 բնակիչ: Կնոջ խոսքով՝ կեղծված ստորագրությունների փաստը հայտնի է դարձել ավելի ուշ՝ վերածվելով պայքարի հիմանական շարժառիթի, սակայն բողոքի համար նախնական հիմք է հանդիսացել այն, որ հաշվիչների տեղափոխությունը տեղի է ունեցել ձմռանը, երբ գազի թեկուզ ժամանակավոր անջատումները հանգեցնում էին բնակիչների համար լուրջ խնդիրների:

«Իմ հարևանը չէր կարողանում իջնել, ես նրա համար փայտ էի բարձրացնում, որ վառի, չսառի: Հաշվիչները տեղափոխող տեսուչներն ասում էին, որ տեղափոխությունը կատարվել է այն պատճառով, որ շենքի առաջին հարկի նոր սեփականատերը ցանկացել է հեռացնել դրանք, և, ըստ շենքում տարածված խոսակցությունների, 5000 դոլար է վճարել դա անելու համար», – ասել է կինը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, անդրադառնալով հաշվիչների տեղափոխմանը, հերքել է, թե նման բաներն արվում են որևէ մեկին խնդրանքով:

«Եթե հաշվիչները տեղափոխվում են, դա արվում է միայն տեխնիկական անվտանգության չափանիշներից ելնելով», – ասել է Սարդարյանը:

Ինչ վերաբերում է Սուսաննա Բաղդասարյանի բնակարան գազ չմատակարարելու փաստին, Սարդարյանը նշել է, թե իրենք առևտրային կազմակերպություն են և ոչ մի դեպքում չէին ցանկանա հաճախորդ կորցնել։ Այնուամենայնիվ, նա խոստացել է ճշտել գազի անջատման պատճառները և այդ մասին վաղը տեղեկացնել։