Այսօր՝ հունիսի 24-ին, մի խումբ ադրբեջանցիներ քաղբանտարկյալներին ազատելու պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Ստրասբուրգի Եվրոպայի պալատի դահլիճում՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ, հայտնում է Haqqin.az կայքը։
Տեղավորվելով դահլիճի առաջին շարքերում՝ ցուցարարները սև կտորով փակել են իրենց բերանները: Նրանք ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ են հագած եղել:
Ցույցի կապակցությամբ՝ Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է։ Ավելի ուշ, սակայն, Ադրբեջանի նախագահը շարունակել է իր ելույթը։
Ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ և ձերբակալված լրագրողներ չկան։
Ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում ներկայացրել են Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակը, որում 80-ից ավելին մարդ է ընդգրկված։