Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանի և Կենտրոնի դատարանի դիմաց կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործերն իրարից էականորեն տարբերվում են առաջադրված մեղադրանքներով, ուստի Կյուրեղյանին կալանավորելը ու Քոթանջյանին ազատ արձակելն արդարացված է: Այս մասին այսօր ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով Epress.am-ի թղթակցի հարցին՝ ինչու է նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվել:
«Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած կրակոցների մասով գործը հարուցվել է խուլիգանության հոդվածի առաջին մասով: Արդեն Կենտրոնի դատարանի մոտ Հայկ Կյուրեղյանի կրակոցներից հետո, մենք քրեական գործ ենք հարուցել խուլիգանության հոդվածի չորրորդ մասով։ Ինչո՞ւ, որովհետև երկրորդ գործով խոսքը գնում է խուլիգանության ավելի ծանր դրսևորման մասին, ինչը նշանակում է՝ մենք ունենք խուլիգանություն՝ բռնության գործադրմամբ և զենքի կիրառմամբ: Տարբերությունը շատ ակնհայտ է, խուլիգանության առաջին մասի համար նախատեսվում է մինչև մեկ տարի ազատազրկում, իսկ չորրորդ մասի համար՝ 4-8 տարի ազատազրկում: Այսինքն սրանք տրամագծորեն տարբեր գործեր են»,- ասել է Կոստանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում քաղաքապետի խորհրդականի որդին մի քանի անգամ կրակել է 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակից, սակայն նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը չի կիրառվել: Վերջինս երկու երաշխավորագրով ազատ է արձակվել:
Մինչդեռ հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների դատավարության մեկնարկին ձերբակալված Հայկ Կյուրեղյանը ոստիկանների ուղղությամբ կրակել էր օդամղիչ ատրճանակից՝ իրավապահներին լուրջ վնաս չհասցնելով։
Կյուրեղյանը գտնվում է կալանքի տակ, կալանք է դրված նաև նրա հետ տեսակցությունների վրա: Մինչ այժմ Կյուրեղյանին տեսել են միայն ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները և հայտնել, որ ձերբակալվածի մարմնին եղել են բռնության հետքեր: