Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց կրակոցների գործով մեղադրյալ Հայկ Կյուրեղյանի պաշտպան Աննա Ջուվանովան բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման որոշման: Այս մասին նա ասել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Պաշտպանը նշել է, որ ներկայումս ինքն աշխատում է բողոքը կազմելու վրա:
Հարցին, թե իսկապե՞ս Հայկ Կյուրեղյանն է հանրային պաշտպան խնդրել՝ իր պաշտպանությունն իրականացնելու համար, Ջուվանովան հայտնել է, որ իրեն հանձնարարվել է պաշտպանել Կյուրեղյանին, իրեն ասել են, որ մեղադրյալը խնդրել է հանրային պաշտպան, քանի որ անվճարունակ է:
Պաշտպանը ձեռնպահ է մնացել Կյուրեղյանին խոշտանգումների ենթարկելու մասին հարցին պատասխանելուց:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը հայտարարել էր, որ անձամբ է տեսել Կյուրեղյանի թեևի վրա առկա կապտուկները։ Կյուրեղյանը տեղեկացրել էր դիտորդներին, որ իր մարմնի վրա ծեծի հետևանքով այլ հետքեր ևս կան։
Հասմիկ Սահակյանի խոսքով՝ կան վնասվածքներ, որոնք նա ստացել է բերման ենթարկվելու ժամանակ, կան նաև ոստիկանությունում ծեծի հետևանքով ստացված վնասվածնքեր։ Դիտորդական խմբի ղեկավարը նշել է, որ ինքն արձանագրել է մարմնական վնասվածքների փաստը։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով դատական առաջին նիստի օրը Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդաճնշական ատրճանակի օգնությամբ կրակել ոստիկանների ուղղությամբ: Այնուհետև Կյուրեղյանը գրպանից հանել էր նռնակը և սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում նա կպայթեցնի այն: Լրագրողների հետ զրույցում տղամարդն ասել էր, որ իրեն ձերբակալելու պարագայում ինքը, ազատության մեջ հայտնվելուն պես, կդիմի «իսկական» զենքի օգնության:
Ոստիկաններից մի քանիսը մարմնական թեթև վնասվածքներ էին ստացել: