Այսօր՝ հունիսի 27-ին, Բրյուսելում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որն իր մեջ ներառում է խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։
ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու նպատակով Բրյուսել են ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Եվրամիության կողմից համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։
Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել էին Վիլնյուսում նոյեմբերի 29-ին անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ։ Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունը վիլնյուսյան գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ հայտարարեց եվրաինտեգրման դադարեցման մասին, ինչից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին` հանգեցնելով երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստին և նոր նախագահական ընտրությունների։
«Չնայած բոլոր բարդություններին՝ մենք վերջապես ստորագրում ենք համաձայնագրերը, ու ես համոզված եմ, որ սա հաղթական իրադարձություն է ոչ միայն տվյալ երկրների, այլև ողջ Եվրոպայի համար»,- ստորագրման արարողությունից առաջ ասել է Ժոզե Մանուել Բարոզուն։