հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բանակում սպանության գործով մեղադրյալին զոհաբերում են հստակ պատճառով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում սպանության գործով մեղադրյալին զոհաբերում են հստակ պատճառով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերյանի զորամասերից մեկում շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանին հրազենային մահացու վիրավորում հասցրած Դավիթ Խաչատրյանին հայաստանյան իրավապահ մարմինները զոհաբերում են՝ ցույց տալու հասարակությանը, որ օբյեկտիվ նախաքննություն և դատաքննություն է ընթանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանը (լուսանկարում), ով շարունակում է պնդել, որ տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն չէ։

Սարգսյանը նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդել էր վերաորակել պաշտպանյալի մեղադրանքը՝ դիտավորյալ սպանություն, և մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-ի երկրորդ և երրորդ մասերով՝ զենքի և զինամթերքի հետ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Նրա խոսքով՝ նախաքննական փուլի սկզբից մինչև դատաքննության ավարտը գործի ապացույցները միանաշանակ վկայեցին, որ գործ ունենք զենքի կանոնների խախտման հետ, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ անձի մահ։

«Այս գործը հենց առաջին օրվանից հասարակական լայն հնչեղություն ստացավ։ Վերջերս բանակի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ ծնողները պնդում են, թե մի շարք հանցագործություններ, մասնավորապես, սպանությունների հետ կապված, փորձ է արվում վերածել ինքնասպանության կամ այլ հանգամանքների։ Այս դեպքում ստացվում է, որ հասարակական հնչեղություն ունեցող գործով իրավապահ մարմինները, պետական պաշտոնոտար անձինք փորձում են հասարակությանը ի ցույց դնել, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման հետ, այլ՝ տեսեք, այս գործով ամբողջությամբ օբյեկտիվ նախաքննություն ու դատաքննություն է իրականացվում։ Վերջիններիս կողմից ընտրվեց այն գործը, որով պետք է փորձ արվի կոտրել այդ կարծրատիպը», – ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս փուլում ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունն այն մասին, թե գործով ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, ակնհայտ ճնշում է, որը արդեն իսկ կաշկանդել է դատարանին։ Սարգսյանը հիշեցրել է, որ Կոստանյանն ասել էր, թե գործի հանգամանքները ի սկզբանե պարզ են։

«Ոչ ոք չի կարող վիճարկել այն փաստը, որ մեր երկրում բազմիցս խոսել ենք դատական իշխանության ոչ լիակատար իշխանության մասին, ու հիմա Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է, թե գլխավոր դատախազը սխալվե՞լ է՝ անհերքելի ապացույցներ ձեռք չե՞ն բերվել։ Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատախազի հայտարարությանը հակառակվի, ավելին՝արարքը վերաորակի և հատկապես այս գործով, որն ունի այսպիսի հասարակական հնչելություն»,- նշել է բանախոսը։

Պաշտպանը դեպքի մանրամասները ներկայացնելուց հետո վստահեցրել է, որ նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող․ «Այս բոլոր խախտումներով հանդերձ, եթե չկայացվի արդար դատավճիռ, ստիպված կլինենք դիմել Եվրոպական դատարան»։

Փաստաբանը լրագրողների հետ հանդիպմանը մանեկեն էր բերել, որի օգնությամբ ներկայացրել է, թե, ըստ նրա, ինչպես է տեղի ունեցել սպանությունը։

Նշենք, որ վաղվա դատական նիստում Դավիթ Խաչատրյանը հանդես է գալու պաշտպանական ճառով, ինչից հետո դատարանը կորոշի դատավճռի օրը։

Epress.am-ի հետ զրույցում Լյուքս Ստեփանյանի հայր Իշխան Ստեփանյանն ավելի վաղ ասել էր, որ Խաչատրյանի պաշտպանի՝ դատարանում արված միջնորդությունը «լավ կազմակերպված շոու» է։ Ստեփանյանը նշել էր, որ իրենք շարունակելու են Խաչատրյանի համար պահանջել ցմահ ազատազրկում կամ գնդակահարություն։ Նշենք, որ Հայաստանում մահապատիժ գոյություն չունի։

Հիշեցնենք, որ սպանության դեպքից հետո Ստեփանյանի հարազատները որդու դին որոշել էին տեղափոխել Երևան։ Սևան-Երևան մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և երկար բանակցություններից հետո համոզել էր Իշխան Ստեփանյանին տուն վերադառնալ և հողին հանձնել որդուն։ Օհանյանը խոստացել էր իր հսկողության տակ պահել քրեական գործի քննությունը։