Home / Հայաստան / Տեսանյութն «առաջ տվեցին», երբ Շանթ Հարությունյանը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին

Տեսանյութն «առաջ տվեցին», երբ Շանթ Հարությունյանը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ապացույցների հետազոտությունը։

Նիստը սկսվել է ավելի քան 1 ժամ ուշացումով, ընդ որում՝ դահլիճում ներկա լրագրողներին և ամբաստանյալների հարազատներին դատարանը չի տեղեկացրել ուշացման փաստի և դրա պատճառի մասին։ Նիստը բացված հայտարարելով՝ նախագահողն ասել է, որ ուշացման պատճառը Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ուշացումն էր, մինչդեռ վերջինս մինչ այդ դատարանի դահլիճում էր։ Պետրոսյանը, իր հերթին, լրագրողների հարցին պատասխանել էր, թե ուշացման պատճառն այն էր, որ ամբաստանյալներին ՔԿՀ-ից դեռ դատարան չեն բերել։

Ինչպես բոլոր նախորդ դատական նիստերին, այս անգամ ևս նիստին չէին ներկայացել գործով որպես տուժող անցնող անձինք՝ 16 ոստիկաններ։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների փաստաբաններից Արա Զաքարյանը միջնորդել էր դատարանին ապահովել տուժողների ներկայությունը, հատկապես այն պարագայում, երբ բացակայության համար հարգելի պատճառներ չեն ներկայացվում։

Այսօր դատարանում կողմերը դիտել են 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի տեսանյութերը։ Առայժմ դատարանը հետազոտում է միայն ոստիկանության կողմից կատարված նկարահանումը, ԶԼՄ-ների հրապարակումները դեռևս չեն քննվում։

Տեսանյութում ներկայացվում էր Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զրույցը, Հարությունյանի ելույթը, ապա Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը։

Տեսանյութում ոստիկանները մի քանի անգամ ցույց են տալիս նրանցից մեկի ցեխոտված տաբատը, սակայն մարմնական վնասվածքների առկայությունը տեսանյութում չի երևացել։

Առաջին տեսանյութից հետո դատարանը սկսել է երկրորդի ուսումնասիրությունը, և այն պահին, երբ պետք է հնչեր ելույթի այն հատվածը, երբ Շանթ Հարությունյանն ասում է, թե Սերժ Սարգսյանը պետք է «ս․․տիր ըլնի» Հայաստանից, դատավոր Մնացական Մարտիրոսյանը խնդրել է կարգադրիչներին տեսաձայնագրությունն «առաջ տալ»։

Ինքը՝ Շանթ Հարությունյանը, «առաջ տալուն» դեմ չէր․ նա ասել էր, որ անիմաստ է տարբեր տեսախցիկներից նկարահանված նույն դեպքը դիտել։

Tekali Taxi