Home / Տեսանյութեր / Բանկային օլիգարխիան վտանգավոր ական է դնում պետության տակ․ փաստաբան

Բանկային օլիգարխիան վտանգավոր ական է դնում պետության տակ․ փաստաբան

Բանկի և քաղաքացու հարաբերությունները Հայաստանում կամավոր բնույթ են կրում և հավասար իրավունքներով են իրականացվում․ անհատը բանկին վարչահրամայական լիազորություններ չի տալիս։

Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ժամանակ հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հաշվից առանց վերջինիս տեղեկացնելու գումար փոխանցելու դեպքին։

«Ես չգիտեմ` բանկը ինչ գործառույթներ է արել սույն [Գասպարիի] գործով, բայց ես հասկանում եմ՝ եթե նույնիսկ հաշվի վրա արգելանք էլ դրված լիներ, բանկը պետք է հաճախորդին տեղյակ պահեր իր գործողությունների մասին։ Ինչո՞ւ տեղյակ պահել։ Որովհետև պայմանագրով էլ է դա նախատեսված, օրենքով էլ է դա նախատեսված», – ասել է Բաղդասարյանը։

Փաստաբանն օրենքից հատված է մեջբերել, որտեղ նշված է, թե բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ պահպանել, որպեսզի բացառվի շահերի բախում։

Կոնկրետ ՎՏԲ-Հայաստան բանկի գործունեությանն անդրադառնալով՝ Բաղդասարյանը հիշեցրել է, որ ՎՏԲ-ն խորհրդային տարիներին Վնեշտորգբանկն էր, որի միջոցով տարբեր երկրներում, օրինակ, Անգոլա, Լաոս, երկիրը ֆինանսական գործառույթներ էր իրականացնում և դա արվում էր ՊԱԿ-ի (ԿԳԲ) գիտությամբ։

«ՎՏԲ-ն Հայաստանում գնեց «Խնայբանկ»-ը, կարելի է ենթադրել, որ այդ նույն կառույցի նույն մեթոդներն են իրականացվում, և իրականացվում են ռուսական տարբերակով։ Ռուսաստանում «Վնեշտորգբանկ»-ի իրականացվող գործառույթները հետևյալն են․ պետությունից ստանում են հրահանգը չֆինանսավորելու կամ ֆինանսավորելու [արտասահմանում գործող] որևէ կառույց։ Ընդհամենը 10 հազար ռուբլի ունեցող կազմակերպությանը կարող է 34 միլիարդ դոլար փող փոխանցի։ Սա այն կառույցն է, որն իրականացնում է պետական գործառույթներ։ Չասեմ, որ այսօր «Վնեշտորգբանկ»-ը Հայաստանում իրականացնում է ռուսական պետության քաղաքականությունը, այլ ասեմ այն, ինչ կարող եմ հասկանալ․ այսինքն՝ մարմին, որի միջոցով հնարավոր է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ որոշակի իշխանական գործառույթներ բանեցնել։ Պետական մեխանիզմներ, ըստ էության չկան, ազդելու այն առևտրային կազմակերպության վրա, որը ֆինանսավորվում է դրսից», – հայտարարել է Հարություն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դրսից ֆինանսավորվող հայաստանյան կազմակերպություններից ֆինանսավորման աղբյուրի մասին տեղեկություններ պահանջում են փողերի լվացման դեմ պայքարելու համար, սակայն նման առևտրային կազմակերպությունների դեպքում ոչ ոք այդ հարցը չի տալիս։

«Երբ ասում ես՝ ապե, բա դու ոնց ես աշխատուիմ, քեզ ասում են՝ քո գործը չի։ «Քո գործը չի»-ն Հայաստանում արդեն քաղաքականություն է։ Այսինքն, մենք չպետք է իմանանք, թե ինչ են իրականացնում մեր թիկունքում մեր դեմ», – ասել է փաստաբանը։

Բաղդասարյանը հավելել է, որ Հայաստանում ստեղծված բանկային օլիգարխիան վտանգավոր ական է դնում պետության տակ։  

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ