Ուկրաինան փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող մալազիական ինքնաթիռն Ուկրաինայի օդային տարածքում պայթեցվել է անջատողական ուժայինների կողմից՝ Ռուսաստանից ստացած գերճշգրիտ զենքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Նրա խոսքով՝ Ուկրաինան իր ունեցած փաստերը կտրամադրի հատուկ հանձնաժողովին, որը ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծվել է ինքնաթիռի կործանման մանրամասները պարզելու համար:
«Բնական է, որ Դոնեցկում անջատողականները զինված են ռուսական զենքով, նրանք չեն կարող ռագատկայով կրակել և ինքնաթիռ պայթեցնել», – ասել է Կուխտան:
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը մեղմելու ուղղությամբ արվող քայլերին՝ Կուխտան ասել է, որ ինքը որպես Ուկրաինայի քաղաքացի շատ մեղմ է գնահատում ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները՝ Ռուսաստանի դեմ:
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում հստակ սահմաններ են գծվել, և եթե մի պետությունը ցանկանում է նոր կարգ ստեղծել, դա բացարձակապես անընդունելի է, և դա պետք է կասեցվի միջազգային հանրության կողմից», – ասել է Իվան Կուխտան: