Գործարար Միխայիլ Բաղդասարովին նախկինում պատկանող «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունը նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ գործարանը գնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել:
Թերթի հետ զրույցում Մելքոնյանը նշել է, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն խոստովանել է, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:
ՊՆ նախկին փոխնախարարը հավելել է որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել աշխատավարձերը:
Թերթը հիշեցնում է, որ Գագիկ Մելքոնյանը 2008թ. մարտի 1-ից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ազատվել էր փոխնախարարի պաշտոնից, քանի որ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Մելքոնյանը միացել է իրեն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում