Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման: Մեղադրող դատախազն ամբաստանյալի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջել:
Ղուկասյանը մեղադրվում է 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու մեջ: Ապրիլի 24-ին Ղուկասյանը Գյումրիի ոստիկանության բաժնում խոստովանել էր, որ Շիրակացու փողոցի միջադեպի ժամանակ ինքը կրակել է՝ սպանելով Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին և վիրավորել Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին: Վերջին երկուսը ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներն են եղել:
Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բողոքարկելու է դատավճիռը, քանի որ դատարանն այն կայացնելիս հաշվի չի առել բոլոր ապացույցները: Ըստ Ալումյանի՝ Վահե Ղուկասյանն ինքնապաշտպանվել է և դրա մասին է վկայում այն, որ ինքը չի եղել առաջին կրակողը, ինչը հաստատվել է բոլոր վկաների ցուցմունքներով: