Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել հայաստանյան դատարանի որոշման կապակցությամբ, որը ԶԼՄ-ներին ստիպում է բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները, հայտնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը։
Հունիսի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր, որ երկու ԶԼՄ-ներ՝ «Հրապարակ» թերթն ու Ilur.am լրատվական կայքը, պետք է բացահայտեն իրենց աղբյուրները՝ Շիրակի մարզի բարձրաստիճան ոստիկանի մասնակցությամբ քրեական գործի հետաքննության շրջանակներում։
«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ լրատվամիջոցների վրա, քանի որ այն կարող է խանգարել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը։ Պետք է գիտակցել, որ լրագրողների կողմից իրենց հանրային և մասնավոր տեղեկատվական աղբյուրների գաղտնի պահելն անհրաժեշտություն է»,- ասել է Միյատովիչը։
ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ լրագրողների կողմից իրենց աղբյուրների ինքնության պաշտպանության իրավունքը հետաքննական լրագրության առանցքային սկզբունքներից է և բազմիցս ԵԱՀԿ-ի կողմից հայտարարվել է որպես խոսքի ազատության հիմնական պահանջ: