Վրաց Ուղղափառ Եկեղեցին և Վիրահայոց թեմն անթույլատրելի են համարում Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները։ Այս մասին ասվել է հուլիսի 22-ին Վրաց Եկեղեցու Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիպմանը, որի ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը։
Կողմերը նշել են, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին, ինչպես նաև կարևորել են հայ և վրաց միջեկեղեցական հարաբերությունները և դարերով ձևավորված բարեկամությունը։
Վիրահայոց թեմի հաղորդագրության մեջ նշված է, որ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծել է, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև եղել են կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչն անթույլատրելի է հասարակությունում:
«Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորեցին ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Հույս հայտնեցին, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով», – եզրափակում է Վիրահայոց թեմի տարածած հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ եկեղեցու մոտ տեղի հայերի և վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել։