Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին շարունակվել է գործով որպես տուժող անցնող ոստիկանների հարցաքննությունը։ Դատարանի համաձայն, նախորդ դատական նիստերին հարցաքննվել են, ըստ համարների, առաջին 3 տուժողները։ Այսօր պետք է հարցաքննվեր 4-րդ համարի տակ որպես տուժող անցնող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսանը, նիստը սկսելով 40 րոպե ուշացումով, դատարան է հրավիրել 5-րդ համարի տակ անցնող տուժող, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին։
Դատավորը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու դատարան չի ներկայացել նոյեմբերի 5-ին ոստիկանների գործողությունները ղեկավարող Վալերի Օսիպյանը։ Նշենք, որ նախորդ դատական նիստերին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը խնդրել էր, որպեսզի սկզբում հարցաքննության հրավիրեն Օսիպյանին, քանի որ նոյեմբերի 5-ին երթը սկսելուց առաջ ինքն առանձնազրույց է ունեցել վերջինիս հետ, ինչը Հարությունյանը գործի քննության համար կարևոր է համարում։