Home / Հայաստան / Բաքվում երիտասարդ ընդդիմադիրի գլխին պարկ են հագցրել ու տարել անհայտ ուղղությամբ

Բաքվում երիտասարդ ընդդիմադիրի գլխին պարկ են հագցրել ու տարել անհայտ ուղղությամբ

Հուլիսի 23-ի առավոտյան Բաքվում բերման է ենթարկվել «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլին։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է կուսակցության՝ հասարական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Էլման Ֆաթահը։

Քերիմլիին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով մարդիկ՝ Բաքվի հիվանդանոցներից մեկի տարածքում, ուր նա բերել էր մորը։ Turan-ի փոխանցմամբ՝ քաղաքացիական հագուստով մարդիկ երիտասարդի գլխին պարկ են հագցրել ու տարել անհայտ ուղղությամբ։

Նշենք, որ հուլիսի 17-ին թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով ձերբակալվել էր Ֆարաջ Քերիմլիի եղբայր Սիրաջը։ Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում առգրավվել է նոութբուք։

«Մուսավաթ» կուսակցությունում կարծում են, որ Քերիմլիի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Երիտասարդ ընդդիմադիրը Musavat.org կայքի ադմինիստրատորներից է ու մասնակցել է ֆեյսբուքյան «Իստեֆա» խմբի ստեղծման աշխատանքներին։

Քերիմլիի փաստաբան Նեմաթ Քերիմլին Turan-ին հայտնել է, որ իրեն դեռևս չի հաջողվել հաստատել ձերբակալվածի գտնվելու վայրը։ Նա ձերբակալության մասին հայտնել է ոստիկանությանը, սակայն Ֆ․ Քերիմլիի ճակատագրի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի ստացել։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունում խոստացել են մինչև աշխատանքային օրվա ավարտը տեղեկություն տրամադրել տվյալ հարցի վերաբերյալ։