Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում «Ոսկե Առյուծի» հավակնող քսան ֆիլմերի շարքում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The Cut) ֆիլմը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Ֆիլմի պաշտոնական համառոտ նկարագրությունում, մասնավորապես, ասված է․
«1915 թիվ: Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ձերբակալում է բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին:
Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ: Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետև՝ Հյուսիսային Դակոտա»:
Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օջիարի «Մարգարեն» ֆիլմում: «Սպի»-ում նկարահանվել են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին:
Ֆիլմի ռեժիսորն է գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինը։ Սցենարը գրել են ինքը՝ Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարդինը: «Սպի» ֆիլմի միջազգային պրեմիերան կայանալու է Վենետիկի կինոփառատոնի ընթացքում, որն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը:
Կայքը նշում է, որ 2010-ին Աքինը ներկա էր Երևանում անցկացվող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին իր «Հոգու խոհանոց» ֆիլմով:
«Սպի» ֆիլմը իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրություն է: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:
Ֆիլմի բյուջեն կազմել է 15.5 միլիոն եվրո:
Լուսանկարը՝ կադր «Սպի» ֆիլմից