Երկուշաբթի՝ հուլիսի 28-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության դեմ հետապնդումների և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը յուրացնելու փաստով, հայտնում է Newsgeorgia.ru կայքը։
«Գործը վերաբերում է 2007 թվականի նոյեմբերի 7-ի զանգվածային ցույցը ցրելուն, «Իմեդի» հեռուստաընկերության դեմ հետապնդումներին ու Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլիին պատկանող սեփականությունը ապօրինաբար յուրացնելուն»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Տվյալ գործով անցնում են նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվլին, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին ու Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, հայտնում է Վրաստանի դատախազությունը։
Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 333 հոդվածի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը՝ տուժողի արժանապատվության ստորացմամբ): Հոդվածը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։
Նշենք, որ Վրաստանի դատախազությունը հուլիսի 28-ին, ժամը 11-ին նշանակել էր Սաակաշվիլիի հարցաքննությունը՝ պահանջելով, որ նախկին նախագահը վերադառնա Վրաստան։ Միխեիլ Սաակաշվիլին, ի պատասխան, տարածել է հայտարարություն, որում Վրաստանի ներկայիս իշխանություններին մեղադրում է ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների ենթարկելու մեջ ու նշում, որ չի պատրաստվում «մասնակցել այդ կեղծիքին»։