ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները «մի կերպ» կվճարեն վաղվանից 10 տոկոսով թանկացող էլեկտրաէներգիայի դիմաց գանձնվող գումարը։ Կառավարության այսօրվա նիստից հետո Երվանդ Զախարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե «մի 10-15 օրից ասուլիս է լինելու, բոլորիդ հարցերին կպատասխանեմ»։
Մինչ նախարարը շտապում էր դեպի ծառայողական մեքենան, կառավարության մոտ ամեն հինգշաբթի հարևանների գործողությունների դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացի Արմենուհի Մելքոնյանը հարց է ուղղել նրան․ «Վաղվանից, որ հոսանքը թանկանում է, բա ո՞նց ենք անելու»։ Կնոջ հարցը լսելուց հետո նախարարը ծիծաղել է, իսկ Մելքոնյանը շարունակել է․ «Բա ոնց, ինքն ա մուծելու իմ տեղը․․․ Դո՞ւք եք իմ լույսը մուծելու, ճար չունեմ, 27000 թոշակ եմ ստանում, էդ թոշակով ո՞նց եմ մուծում անելու։ Շոր էլ չունենք, որ ծախենք, ոչ էլ կոշիկ։ Ո՞նց եմ մուծելու»։
«Մի կերպ», – պատասխանել է Զախարյանը։
Լրագրողները հարցրել են նախարարին՝ ինչ նկատի ուներ «մի կերպ» ասելով, սակայն Զախարյանը չի պատասխանել, նստել է ծառայողական մեքենան ու հեռացել։