Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում իր առաջին այցը կկատարի Ադրբեջան։ Ենթադրվում է, որ նրա համար առաջնային կլինի նաև Հյուսիսային Կիպրոս այցելությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, հաղորդել է թուրքական Kanal A հեռուստաալիքը։
Թուրքիայի գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է օգոստոսի 10-ին կայացած առաջին համաժողովրդական նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 51,8 տոկոսն ու հաղթանակ գրանցելով ընտրությունների առաջին փուլում։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 28-ից հետո, երբ ավարտվեն գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորությունները։