հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանը խնդրել է խստացնել իր մեղադրանքը

Շանթ Հարությունյանը խնդրել է խստացնել իր մեղադրանքը

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն անվստահություն է հայտնել մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանին։ Այսօր կայացած դատական նիստի ընթացքում մեղադրյալն իր միջնորդությունը պատճառաբանել է նրանով, որ նախաքննական մարմինը գործին կողմնակալ է մոտեցել, մասնավորապես, ապացույցների շարքում չի ներառել նոյեմբերի 5-ին Հարությունյանի կրած զրահաբաճկոնը։ Ըստ Շանթ Հարությունյանի՝ զրահաբաճկոնը կապացուցեր, որ ցույցի մասնակիցներն ինքնապաշտպանվել են։

Քաղբանտարկյալն ասել է, որ տեղեկատվություն է ստացել, թե իրեն և որդուն՝ Շահեն Հարությունյանին, հարվածելու են, այդ պատճառով է իր զրահաբաճկոնը հագցրել որդուն։

Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանն առարկել է զրահաբաճկոնը որպես ապացույց ուսումնասիրելուն։ Ըստ նրա՝ զրահաբաճկոնը հանցանքի գործիք չի հանդիսացել, իր վրա հանցանքի հետքեր չի պարունակում, դրա գործառույթի հետ կապված մեղադրանք չի առաջադրվել ամբաստանյալներից և ոչ մեկին, ուստի այն ապացույց չի կարող համարվել։

Շանթ Հարությունյանը նաև միջնորդել է իր հանդեպ մեղադրանքը խստացնել։ Ըստ քաղբանտարկյալի՝ ինքն է եղել նոյեմբերի 5-ի կազմակերպիչը, ուստի իր նկատմամբ մեղադրանքը չի կարող ավելի թույլ լինել, քան երթի մյուս մասնակիցներինը։ Իր մեղադրանքը խստացնել մերժելու դեպքում, Շանթ Հարությունյանը առաջարկել է ավելի խիստ մեղադրանքը հանել իր երեք ընկերների վրայից։ Նշենք, որ այժմ, բացի խուլիգանության հոդվածից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածը կրում են ամբաստանյալներից երեքը՝ Արթուր Մարգարյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վահե Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել միայն քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, որը պատժվում է 4-7 տարի ազատազրկմամբ: Նա պահանջում է վերականգնել նախկին մեղադրանքը, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը, ինչը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում։