հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներն ավելացել են խոշտանգումների մասին հայտարարությունից հետո. դատ

Քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներն ավելացել են խոշտանգումների մասին հայտարարությունից հետո. դատ

Քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանի և նրա ընտանիքի նկատմամբ սպառնալիքներն ու ճնշումներն ավելացել են այն բանից հետո, երբ ինքը նախորդ դատական նիստին հայտարարություն է արել իր հասցեին ոստիկանությունում ավելի վաղ հնչեցրած սպառնալիքների և խոշտանգումների մասին։

Այս մասին Վարդանյանն ասել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ։

Նախքան մանրամասնելը, թե կոնկրետ ինչ խոշտանգումների մասին է խոսքը, քաղբանտարկյալը դիմել է լրագրողներին՝ խնդրելով ճիշտ լուսաբանել իր հայտարարությունը։

«Ինչքան էլ խոսքի ազատություն չկա, և ԶԼՄ-ների մեծ մասը սպասարկում են իշխանությունը, իմ ելույթը ես նրանց  [լրագրողներին] եմ ուղղում», – ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում իր նախորդ ելույթից մեջբերումներով ռեպորտաժ է դիտել, սակայն ոչինչ չի հասկացել։ Վարդանյանը խնդրել է կա՛մ չլուսաբանել, կա՛մ ճիշտ ու ամբողջական փոխանցել իր խոսքերը։

Երբ քաղբանտարկյալը ցանկացել է անցնել բուն հայտարարությանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատել է նրան՝ պնդելով, որ վերջինս աշխատանքի ձև է սովորեցնում լրագրողներին։ Մարտիրոսյանը թույլ չի տվել Վարդանյանին հայտարարություն անել։

Դատավորի գործողություններին առարկել է Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ իր պաշտտպանյալը ասելիք ունի, սակայն դատավորը պնդել է, որ ավելի ուշ հայտարարությունների համար ժամանակ կտրամադրի ամբաստանյալներին։

Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։