հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանին հեռացրեցին դահլիճից․ նա ուզում էր դիմել Վլադիմիր Գասպարյանին

Շանթ Հարությունյանին հեռացրեցին դահլիճից․ նա ուզում էր դիմել Վլադիմիր Գասպարյանին

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա նիստին մեղադրող դատախազն ընթերցել է գործի ապացույցները, սակայն Հարությունյանն ընդհատել է նրան՝ նշելով, որ դատախազի գործողությունները ԿԳԲ-ի 4-կետանոց ռազմավարության մաս են կազմում։

Ըստ Հարությունյանի՝ ԿԳԲ-ի 4 քայլերը հեևյալն են՝ պրովոկացիա անել, ապացուցել, որ նոյեմբերի 5-ի ակցիան քաղաքական չէր, այլ խուլիգանություն, ապացուցել, որ Հարությունյանը փող է ստացել Արևմուտքից կամ Ադրբեջանից և որ ինքը հայրենիքի դավաճան է։ Հարությունյանը կանխատեսում է, որ փող ստանալու հետ կապված իր դեմ այլ քրեաան գործ ևս կհարուցվի։

Դատախազը շարունակել է խոսել այն մասին, որ Հարությունյանն ու ընկերները նոյեմբերի 5-ին ոստիկանությունում հրաժարվել են ցուցմունք տալ, ինչին ամբաստանյալը պատասխանել է, որ դա պայմանավորված է եղել ոստիկանության հանդեպ անվստահությամբ։

«Ես այդ մասին գիտեմ ոչ թե նոյեմբերի 5-ից, այլ 2008 թվից, երբ միկրոֆոնով խոսելու համար ինձ 1 տարի, 1 ամիս պահեցին։ Էլ չեմ ասում, որ մարդկանց սպանեցին։ Այն խունտան, որ եկել է իշխանության, ամենադաժան մարդասպանության գնով է դա արել, և ես արդարադատություն չեմ ակնկալում այդ իշխանությունից։ Ես երբեք ինձ էշի տեղ չեմ դրել, որ ասեմ՝ տեսեք, գոյություն ունի ազատ հավաքների իրավունք», – հայտարարել է Հարությունյանը։

Նա ասել է, որ իր հանդեպ ոստիկանների կիրառած խոշտանգումների մասին որոշել է խոսել ոչ թե ակնկալելով քննություն, այլ որպեսզի այդ ոստիկանները չկարողանան «նեղ շրջապատում իրենց լավ տղու տեղ դնել»։

Դատախազը հիշեցրել է, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է, թե ինքը հարվածել է Հարությունյանին։ Ամբաստանյալը ցանկացել է այդ առիթով հայտարարություն անել դատարանում՝ դիմելով Գասպարյանին, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստն ընդհատել է, որից անմիջապես հետո ոստիկանները Հարությւնյանին հեռացրել են դահլիճից։ Այս պահին նիստն ընդհատվել է։

Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։