Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով օգոստոսի 15-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրյալներից մի քանիսը հերքել են մինչ այդ դատարանում որպես տուժող անցնող ոստիկանների ցուցմունքները։
Մասնավորապես, նրանք ասել են, որ ոստիկանների պնդումները, թե նոյեմբերի 5-ին երթի մասնակիցները միմյանց ասել են՝ «միլիցա ա՝ խփեք», չի համապատասխանում իրականությանը։
Ամբաստանյալները նաև հերքել են, թե որևէ ոստիկան իրենց զգուշացրել է, որ երթը պետք է մայթով շարունակվի։ Հակառակը, ինչպես նշել են ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանը և Միսակ Առաքելյանը, ոստիկանները ճանապարհ են բացել ոչ միայն Շանթ Հարությունյանի, այլև լրագրողների, քաղաքացիական հագուստով անձանց համար, ովքեր դեռ երթի մասնակիցներից առաջ հայտնվել էին Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասում։
«Օսիպյանը [ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյան-խմբ․] Շանթին հարցրեց՝ բա չասեցիր վերջը ո՞ւր ես գնալու, Բաղրամյան 26 ե՞ս գնում։ Շանթը ասեց՝ լավ միտք է, բայց քո խաթր չենք գնա։ Նրանք չգիտեին՝ որտեղ սադրել, դրա համար տեղում սադրանք կազմակերպեցին»,- իր խոսքում ասել է ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը։
Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանն ասել է, որ իրենց չեն դատում խուլիգանության համար, այլ նրա համար, որ համարձակվել են համակարգին դեմ դուրս գալ։
Ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքը՝ ասելով, որ երթի ընթացքում ինքնապաշտպանվում էին ու պաշտպանում էին ընկերներին։
Մեղադրյալներ Ավետիս Ավետիսյանը և Արմեն Հովհաննիսյանը, իրենց հերթին, ընդունել են, որ ինքնաշեն պայթուցիկներ են պայթեցրել, սակայն ասել են, որ դրանք նետել են հենց իրենց ոտքերի տակ՝ ուշադրություն շեղելու և ընկերներին սադրիչների հարվածներից պաշտպանելու համար։
Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։