ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան չի գա։ Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այցը նախապես նշանակված էր սեպտեմբերի 8-9-ին։
«Պայմանավորվածություն կար, որ վարչապետները [ԵՏՄ անդամ երկրկների] այցելեն Հայաստան, բայց հիմա հարցը տեղափոխվել է նախագահների դաշտ: Ինչպես գիտեք, Նազարբաևը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին նախագահները հավաքվելու են Մինսկում»,- ասել է Աբրահամյանը։
Մեդվեդևի այցի կապակցությամբ մի խումբ ՀՀ քաղաքացիներ սեպտեմբերի 9-ին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության դեմ բողոքի ակցիա էին նախապատրաստում։ Նման միջոցառումներ անցկացնելու կոչ էր արել նաև քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ։
Ինչևէ, անկախ Մեդվեդևի ծրագրերի փոփոխությունից, «Բողոք-ցույց ընդդեմ ՄՄ և ԵՏՄ Հայաստանի բռնակցման» խորագրով երթը Երևանում անցկացվելու է։ Երթի կազմակերպիչները պարզապես փոխել են անցկացման օրը՝ այն տեղափոխելով սեպտեմբերի 3-ին։ Այդ օրը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին։
Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 13։15-ին։