Գլխավոր / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը խոսել է Ադրբեջանում բանտարկվածների մասին՝ չհիշելով հայաստանցի քաղբանտարկյալներին

Սերժ Սարգսյանը խոսել է Ադրբեջանում բանտարկվածների մասին՝ չհիշելով հայաստանցի քաղբանտարկյալներին

Հայաստանը գործ ունի մի երկրի և այդ երկրի մի ղեկավարի հետ, որն օգտագործում են սուտն ու կեղծիքը ու ոչ մի բանից չեն ամաչում։ Այս մասին ՀՀ նախագահը, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 6-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում։

Ինչպես իր վերջին ելույթներից յուրաքանչյուրում՝ Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձ է արել նաև Ադրբեջանին՝ խոսելով այդ երկրում բանտարկվող լրագրողների մասին։

«Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում ու հետո ասում, որ իրենց հասարակությունը զարգանում է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և՛ հատուկ ծառայությունները, և՛ ղեկավարությունը վստահ են, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ: Ակնհայտ է չէ՞ բոլորիս: Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն՝ օգտագործելով հակամարտությունը, փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը: Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են, թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու կեղծիքը երկար կյանք չունենան: Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որևէ կյանք չունենան: Բոլորդ վստահ եք, թե ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբներին: Իմ խնդրանքով մեր մամուլն էլ հրապարակեց այն հերոս տղաների անուններն ու նկարները, ովքեր զոհվեցին: Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին, բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաև աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին: Դե, եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է, անպայման, դա հաշվի առնենք: Ստի, կեղծիքի, այսպես ասած, փայլուն օրինակը հետևյալն է՝ ձեզնից շատերը, թերևս, գիտեն, որ Ադրբեջանի նախագահը, երևի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր և տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, մի այսպես չար սուտ ասաց, ասաց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին իրենց հաջողություններում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն, և եթե սա առաջընթաց է, ապա նույն կերպ մենք պետք է հասկանանք Ադրբեջանի հզորության մասին հեքիաթներն ու Հայաստանում մարդ չմնալու մասին հեքիաթները», — ասել է Սարգսյանը:

Վերջին ամիսներին Ադրբեջանում ձերբակալվել են լրագրողներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ։ Նրանցից մի քանիսը, մասնավորապես, լրագրող Ռաուֆ Միրկադիրովը և իրավապաշտպան Լեյլա Յունուսը, մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։

Նշենք, որ համաձայն մի քանի հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Հայաստանում այսօր քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդիկ կան։ Խոսքը «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների, ինչպես նաև պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մասին է, ով ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավելու շարժման ղեկավարներից է։ Հայաստանցի քաղբանտարկյալներին իր ելույթում Սերժ Սարգսյանը չի հիշատակել։